Հրապարակվեց Հայաստանի այս տարվա երգը Եվրոտեսիլ երգի մրցույթում: Անկեղծ ասած դա մի երգ է, որը չեմ լսի մեքենայում, հանգստանալուց, ուրախանալուց և նույնիսկ տխրելուց՝ առհասարակ չեմ լսի մտադրված: Ես հասկանում եմ, որ միայնակ չեմ այս հարցում, սակայն չեմ շտապում ցեխ նետել ոչ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և ոչ էլ խոսքերի հեղինակի վրա, որքան էլ մեծ էր դրա ցանկությունը երգը լսելուց հետո: Արդեն նշել էի, որ իմ սպասելիքները մեծ չէին այս տարվա մեր երգից: Եվրոտեսիլում կան հստակ կանոններ, որոնցից հիմնականներն են՝
1. Երգի տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն:
2. Երգը չի կարող պարունակել քաղաքական ենթատեքստ:
Այս սահմանափակումների հետ միասին Արմեն Մարտիրոսյանի առաջ կար դրված հավելյալ մարտահրավեր՝ ստեղծել լավ երաժշտություն, տեղավորել 3 րոպեում 6 իրարից տարբերվող արտիստների՝ այնպես, որ չստեղծվի քաոս: Իսկ խոսքերի հեղինակի առաջ դրված էր խնդիր՝ ՛՛Մի Ժխտիր՛՛ իմպերատիվ վերնագրի ներքո մոգոնել ապաքաղաքական տեքստ՝ քաղաքական ենթատեքստով: Նրանք չկարողացան հրաշք գործել և ստացվեց այն ինչ ստացվեց: Ինչպես ասում են կույսը չի կարող համ հաճույք ստանալ համ էլ կույս մնալ: Հաղթական/մնայուն երգ այսպիսի ֆորմատով պարզապես անհնար էր ստեղծել:
Չգիտեմ ինչ են ծխում Հանրայինում /կամ այն անձինք ովքեր կայացնում են Եվրոտեսիլի շուրջ որոշումներ/, սակայն այս ոչ քաղաքական մրցույթում մենք չափից դուրս քաղաքականացված ենք: 2010-ին Հայաստանը հանդես եկավ ՛՛Ծիրանի Կորիզ՛՛ երգով, որը իր մեջ ներառում էր արդեն բոլոր այն մեսիջները , որ մենք ուզում ենք հրամցնենք Don’t Deny երգով: Ի դեպ, պարունակում էր շատ ավելի խորը և գրագետ իմաստ: Դորիանսն էլ գնաց ու երգեց Lonely Planet ծիծաղելու աստիճան ճղճիմ անգլերեն խոսքերով միջակ երգը՝ հերթական անգամ մաղթելով աշխարհին խաղաղություն և միասնականություն:
Շարքային Ալբանացին, Ռումինացին կամ Բրիտանացին լսելով այս երգը ոչ մի բան չի հասկանալու և նույնիսկ չի փորձելու հասկանալ դրա ենթատեքստը: Նա քմծիծաղով լսելու է մի քաոսային ստեղծագործություն՝ սպասելով իրեն հոգեհարազատ այլ կատարման: Մենք կանեինք նույնը, եթե, դիցուկ, Ալբանիան ընտրեր մեզ համար անհասկանալի ստեղծագործություն, որն իրենց համար կպարունակեր մեծ ռազմահայրենասիրական կամ պահանջատիրական խորագիր:
Այնպիսի երկրներ ինչպիսիք են Շվեդիան , Իտալիան և Էստոնիան ունեն հիանալի երգի ընտրության մեխանիզմ՝ ազգային երգի մրցանակաբաշխություններ (Melodifestivalen, San Remo, Eseti Laul), որտեղ հանրությունը/ժյուրին/միջազգային ժյուրին ընտրում են երկրի եվրոտեսիլյան երգերը: Հատկանշական է, որ Շվեդիայում և Իտալիայում Melodifestivalen-ին և San Remo-ին հետևում են ավելի շատ հեռուստադիտողներ քան բուն Եվրոտեսիլը: Ցավալի է, որ Հանրայինը չի ցանկանում ստեղծել այդպիսի երգի ընտրության մի ֆորմատ և մրցանակաբաշխություն, որը կխթաներ նաև ոչ ռեստորանային երաժշտության ստեղծմանը մեր երկրում և մրցակցությանը: Մրցակցությունն էլ ստեղծում է որակ: Ժամանակն է, որ Հանրայինը վերջ տա ներքին ընտրությանը և ստեղծի երգի ընտրության ավելի օպտիմալ և ժողովրդավարական մեխանիզմ:
Հիանալի ֆորմատ կլիներ ՛՛Երգահանների Մենամարտը՛՛, որտեղ կմրցեին հրավիրված 5-6 ժամանակակից երաժշտության կոմպոզիտորներ ( Օր.՝ DerHova-ն, Գիսանե Պալյանը, Գարիկ Պապոյանը, Վահրամ Պետրոսյանը, նույն ինքը Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Միրզոյանը…): Երգահաները կմրցեին իրենց նախընտրած երգիչ երգչուհիների համար գրված երգերով և թեմատիկ երգերով:
Ամեն դեպքում մաղթում եմ հաջողություն մեր մասնակիցներին և հույսով եմ, որ սա մեր վերջին օտարի համար անհասկանալի խորիմաստ երգն է Եվրոտեսիլում, որի ենթատեքստը հասկանալի է միայն մեզ համար:
Հետգրություն.
Ըստ իս, մեր լավագույն մեսիջը Եվրոտեսիլում ցեղասպանության հարյուրամյակին կլիներ մեր հաղթանակը՝ թեկուզ առանց ենթատեքստի երգով: Սակայն Հանրայինը նախընտրեց ավելի հեշտ՝ ռազմահայրենասիական/բարոյական մեսիջը: