Բացի ցեղասպանությունից մեր պատմությունում առկա են այլ թեմաներ, որոնց մասին կարելի էր բլոկբաստեր նկարահանել

Այսօր բոլորը նկարահանում/ֆինանսավորում են ֆիլմեր ցեղասպանության մասին: Ցանկը բավական կոնտրաստային է՝ Քրքորյան, Ճոյտ….. և նույնիսկ Ֆաթիհ Աքին: Խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ, ես չեմ քննադատում և ոչ մեկին: Եվ սա հերթական մունաթային գրառումը չէ, ընդամենը կարծիք, որի մասին անընդհատ մտածում եմ: Կարևորելով հանդերձ ցեղասպանության 100-ամյակը, կարծում եմ, որ այդ ռեսուրսների գոնե մի մասը կարելի էր ուղղել այլ պատմական իրադարձությունների մասին ֆիլմ նկարահանելու համար:

Միշտ նախանձով եմ դիտել միլիոնավոր դիտումներ ունեցող պատմական ֆիլմեր – սերիալները՝ Տրոյայի, Հունական դիցաբանության մասին, Սպարտակի մասին, Չինգիզխանի մասին, Տյուդորների մասին, Էլիզաբեթ Վուդվիլի մասին և այլն… Իսկ միգուցե մենք ձգտեինք նկարահանել որակյալ ֆիլմեր, որակյալ հեռուստասերիալներ նաև այլ իրադարձությունների մասին, որոնք տեղ են գտել հայոց պատմությունում՝ մրցունակ ձևով դա հրամցնելով արտասահմանցիներին: Օրինակ՝

– Ֆիլմ Տիգրան Մեծի մասին, ով Հայաստանը դարձրեց գերտերություն: Հաստատ արտասահմանցիների համար հետաքրքիր կլիներ դիտել ֆիլմ նման պատմական կերպարի մասին, ում մասին նրանք նույնիսկ չեն լսել:

– Սպարտակուսի նման մեծ բյուջեվ հեռուստասերիալ հայոց թագուհի Փառանձմի մասին: Եզակի ուժեղ կնոջ կերպար մեր պատմությունում, հանուն ում պայքարել են տարբեր բարձրաստիճան իշխանականներ, ով հանուն իր երեխայի հայոց թագի հավակնության սպանել է Արշակ 2-րդի ազգությամբ հույն կնոջը Օլիմպիա թագուհուն: Հայոց այն թագուհին, ով առանց ամուսնու և եկեղեցու ու իշխանների աջակցության տասներեք ամիս հերոսաբար պաշտպանել է Արտագերս ամրոցը /հայոց գահը/  Հայաստան արշաված Շապուհ Բ պարսկական զորքերից՝ ժամանակ շահելով որդու՝ Պապ թագավորի գահ բարձրանալու համար։ Ասում են նրա հանդուգն կերպարը այնքան է զայրացնում Շապուհին, որ վերջինս ամենաստոր մահապատիժն է սահմանում հայոց թագուհու համար: Միթե՞ այս հզոր տիկնոջ մասին ֆիլմը չէր հետաքրքրի պատմական ժանրի սիրահար օտարներին և չէր շարժի նրանց հետաքրքրությունը Հայաստանի և Հայոց Պատմության վերաբերյալ:

– Արա Գեղեցիկի և Շահմիրամի լեգենդի հիման վրա կարելի էր նկարել հիանալի ֆիլմ-սերիալ, որը գրավիչ կլիներ օտարերկրացի նման ժանրի սիրահարների համար, ովքեր հոգնել են հունական դիցաբանության ծեծված թեմաներով ֆիլմերից…..

՛՛Մատանինենրի տիրակալ՛՛ ֆիլմի անիմացիաների հեղինակը՝ Ռոջեր Կուպելյանը, տարիներ շարունակ գումար էր փնտրում Ավարայրի ճակատամարտի մասին պատմող “East of Byzantium” գեղարվեստական ֆիլմի նախագիծը ավարտին հասցնելու համար:

Նկարահանվեցին թրեյլերներ, կոմիքսներ…. Անհրաժեշտ գումարները չգտնվեցին, ստեղվածը հնացավ…. Նախնական գաղափարը տապալվեց:

Թեմաները շատ են: Բոլորը կարող են ունենալ մեծ հաջողություն, սակայն մենք շարունակում ենք կառչած մնալ ցեղասպանության թեմային: Միանշանակ ցեղասպանությունը մեր պատմության այն էջերից է, որի մասին պետք է հիշել, իրազեկել: Սակայն թուրքերի կողմից կոտորված լինելը միակ թեման չէ, ինչի մասին մենք պետք է պատմենք աշխարհին և ներկայացնենք աճող սերունդին:  Ցեղասպանության իրողությունը միակ պատմական փաստը չէ, որ պետք է կապի Սյուռքին մայր հայրենիքի հետ: Մեր ցավի մասին պատմելու հետ մեկտեղ, մենք նաև պետք է ներկայացնենք մեր ազգի հերոսական, իրադարձային այն էջերը և լեգենդները, որոնցով աշխարհը կբացահայտի մեր փոքր, բայց հարուստ պատմությամբ երկիրը: Բացի կոտորվելուց մենք ունեցել ենք այլ դերակատարումներ ևս՝  հայ ազգը նաև հաղթել է, պայքարել է, արարել է: Դրա մասին ևս պետք է հիշել, իրազեկել ու ի վերջո հպարտանալ:

Հ.Գ. Ի դեպ մեր հարևանները շատ հմտորեն սկսել են իրականացնել պատմական-գեղարվեստային P.R.-ը: Ցավալի է, բայց ՛՛Հրաշալի Դար՛՛-ը մեծ դիտումներ է ապահովել նաև ՀՀ-ում:

Leave a comment